ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ


Բաժին 1. Ընդհանուր դրույթներ


1.1. Սույն կանոններով և պայմաններով (այսուհետ` Կանոններ) սահմանվում են Համակարգի միջոցով ծառայությունների ամրագրում իրականացնելու կարգ ու պայմանները:


1.2. «Ֆան Թրեվլ» ՍՊԸ-ին պատկանող և վերջինիս կողմից շահագործվող` www.funtravel.am վեբ կայքը (սույն կանոններում և պայմաններում` “Վեբ կայք” կամ “Համակարգ”) հնարավորություն է տալիս Ձեզ Կանոններով սահմանված կարգով և պայմաններով ամրագրել Ծառայություն մատուցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող հետևյալ ծառայությունները`

1) Կացության ծառայություններ.
2) Էքսկուրսիոն տուրերին մասնակցություն.
3) Մեքենաների վարձույթ.
4) Բնակատեղի (բնակարան, առանձնատուն) վարձակալություն.


1.3. Վեբ կայքը նաև հնարավորություն է տալիս Ձեզ օգտվել Վեբ կայքում տեղ գտած` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերյալ զբոսաշրջային տեղեկատվությունից:


1.4. Դուք գիտակցում և ընդունում եք, որ՝

1) Կանոնների 1.2. կետում նշված ծառայությունները Ձեզ փաստացի մատուցելու են Ծառայություն մատուցող անձինք, այլ ոչ թե՝ “Ֆան Թրեվլ” ՍՊԸ-ն.
2) Մեր կողմից Ձեզ մատուցվող ծառայությունները սահմանափակվում են միայն Համակարգի միջոցով Ծառայությունների ամրագրում կատարելու հնարավորության ընձեռնմամբ, ինչպես նաև՝ կանոնների 1.3. կետում նշված զբոսաշրջային տեղեկատվությունից օգտվելու հնարավորության ընձեռնմամբ:


1.5. Սույն կանոնները պարունակում են Մեր կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների մատուցման կարգ ու պայմանները և հանդիսանում են այդ ծառայություններից օգտվելու առաջարկ (օֆերտա):

1.6. Համաձայնվելով Կանոններին, Դուք անվերապահորեն ընդունում եք Կանոններն ամբողջությամբ (ակցեպտ) և այդ պահից Մեր հետ մտնում եք պայմանագրային հարաբերությունների մեջ: Ընդ որում, Կանոնները համարվում են Ձեր կողմից ընդունված այն պահից, երբ Դուք մուտք եք գործում Վեբ կայք և սկսում եք օգտվել Կանոնների 1.3. կետում նշված հնարավորություններից և(կամ) փորձում եք Համակարգի միջոցով իրականացնել Ծառայությունների ամրագրում:

1.7. Սույն Կանոններում օգտագործվող` մեծատառով սկսվող տերմիններն ու արտահայտություններն ունեն հետևյալ նշանակությունը`
1) “Մենք”, “Մեր”, “Մեզ”, “Վեբ կայք”, “Համակարգ” տերմինները նշանակում են “Ֆան Թրեվլ” ՍՊԸին.
2) “Դուք”, “Ձեր», “Ձեզ” տերմինները նշանակում են այն անձանց, որոնք այցելում են “Վեբ կայք” և(կամ) “Վեբ կայքի” միջոցով ամրագրում են “Ծառայություններ”.
3) “Ծառայություն մատուցող անձ” արտահայտությունը նշանակում է այն անձին, ով Ձեզ մատուցում կամ պետք է մատուցի Ծառայություններ.
4) “Ծառայություն” տերմինը նշանակում է կացության ծառայություններ, էքսկուրսիոն տուրերին մասնակցության ծառայություններ, մեքենայի վարձույթ և բնակատեղի (բնակարան, առանձնատուն) վարձակալության ծառայությունները միասին կամ` դրանցից որևէ մեկը` կախված համատեքստից.
5) Ամրագրման հայտ՝ Ձեր կողմից Համակարգի միջոցով Համակարգում սահմանված ձևով ներկայացվող պատվեր՝ Ձեզ անհրաժեշտ Ծառայությունների ամրագրման վերաբերյալ.
6) Հայտի նախնական հաստատում՝ նշանակում է Մեր կողմից Ձեզ ուղարկվող հաղորդագրություն, որով Դուք տեղեկացվում եք Ձեր կողմից ներկայացված Ամրագրման հայտում նշված ծառայությունների ամրագրման հնարավորության մասին՝ համապատասխան վճարում կատարելու դեպքում.
7) Հայտի վերջնական հաստատում՝ նշանակում է Մեր կողմից Ձեզ ուղարկվող հաղորդագրություն, որով Դուք տեղեկացվում եք Ձեր կողմից ներկայացված Ամրագրման հայտում նշված ծառայությունների ամրագրման մասին.
8) Ուղեգիր՝ նշանակում է Հայտի վերջնական հաստատման հետ միասին Մեր կողմից Ձեզ ուղարկվող էլեկտրոնային փաստաթուղթ, որը պարունակում է մանրամասն տեղեկություններ Ձեր կողմից ամրագրված Ծառայությունների վերաբերյալ:

 


Բաժին 2. Գաղտնիության քաղաքականությունը


2.1. “Ֆան Թրեվլ” ՍՊԸ-ն չի հանդիսանում անձնական տվյալ հավաքագրելու, մշակելու փոխանցելու նպատակ հետապնդող կազմակերպություն:

2.2. Այնուամենայնիվ, Ձեր կողմից Համակարգի միջոցով Ծառայություններ ամրագրելու համար անհրաժեշտ է, որպեսզի Դուք Ամրագրման հայտով կամ այլ կերպ Համակարգ մուտքագրեք Ձեզ վերաբերող անձնական տվյալներ (անուն, ազգանուն, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալներ, էլեկտրոնային փոստի հասցե (անձնական կամ աշխատանքային, և այլն), այդ թվում` վճարումներ կատարելու համար պահանջվող քարտային տվյալներ:

2.3. Մենք հավաստում ենք, որ Ձեզ վերաբերող անձնական տվյալները, որոնք Դուք որևէ կերպ հայտնել եք “Ֆան Թրեվլ” ՍՊԸ-ին, վերջինս կօգտագործի բացառապես Ձեզ անհրաժեշտ Ծառայությունները Համակարգով ամրագրելու, Համակարգի միջոցով Ձեզ մատուցվող ծառայությունների որակի բարելավելու, կեղծիքները և խախտումները բացառելու և տեխնիկական անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով, բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ օրենսդրությանը համաձայն, “Ֆան Թրեվլ” ՍՊԸ-ն Ձեզ վերաբերող անձնական տվյալները
պարտավոր է հայտնել ՀՀ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնին, կամ` որևէ այլ անձի:

2.4. Դուք ընդունում և գիտակցում ենք, որ Մենք, Համակարգից օգտվելու որակի բարելավման նպատակներով, կարող ենք օգտվել երրորդ անձանց ծառայություններից` վիճակագրական տվյալներ հավաքագրելու, մոնիտորինգի, մարքեթինգային վերլուծություն կատարելու, ինչպես նաև համակարգում այցելուների վարքագծին հետևելու համար:

2.5. Սույն Կանոններին համաձայնվելով, Դուք “Ֆան Թրեվլ” ՍՊԸ-ին տալիս եք “Անձնական տվյալների պաշտպանության մասին” 18.05.2015թ. թիվ ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով պահանջվող համաձայնությունը, որպեսզի “Ֆան Թրեվլ” ՍՊԸ-ն Կանոններում նշված նպատակներով հավաքագրի, մշակի, տրամադրի և օգտագործի Ձեզ վերաբերող անձնական տվյալները:

2.6. Միևնույն ժամանակ, խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ “Ֆան Թրեվլ” ՍՊԸ-ն ձեռնարկում է ՀՀ իրավական ակտերով պահանջվող միջոցառումներ, որոնք ուղղված են անձնական տվյալներին չարտոնված մուտքերը կամ անձնական տվյալների չթույլատրված օգտագործումը կանխելուն, խստորեն պահպանում է անձնական տվյալների չհրապարակման և անվտանգության ընթացակարգերը:

 


Բաժին 3.Ծառայությունների արժեքը և Ծառայությունների համար վճարումը


3.1. Ծառայությունների արժեքը որոշվում է համապատասխան ծառայությանը վերաբերող` Վեբ կայքում նշված գներին համապատասխան:

3.2. Համակարգում նշված գները ներառում են բոլոր տեսակի հարկերը և տուրքերը, եթե Վեբ կայքում, Ձեզ ուղարկվող Հաստատման նախնական կամ վերջական հայտում կամ Վաուչերում տվյալ Ծառայության գնի հետ կապված այլ նշումներ չեն պարունակվում:

3.3. Եթե տվյալ Ծառայության արժեքի նկատմամբ կարող է կիրառվել զեղչային քաղաքականություն (կապված սեզոնայնությունից, Ծառայություններից օգտվող անձանց քանակից կամ` “Ֆան Թրեվլ” ՍՊԸ-ի կամ Ծառայություն մատուցող անձի կողմից հայտարարված այլ հանգամանքներից), ապա այդ մասին նշվում է համապատասխան Ծառայության արժեքին վերաբերող մասում: Ընդ որում, եթե տվյալ Ծառայության արժեքի նկատմամբ կիրառման ենթակա զեղչային քաղաքականությունը, պայմանավորված է համապատասխան Ծառայություն մատուցող անձի կողմից հայտարարված հանգամանքներից, ապա “Ֆան Թրեվլ” ՍՊԸ-ն այդ մասին կտեղեկացնի Ձեզ (անմիջապես` համապատասխան տեղեկությունը Համակարգում տեղադրելով կամ` համապատասխան Ծառայություն մատուցող անձի ինտերնետային կայքին կամ այլ ռեսուրսին հղում կատարելով):

3.4. Ծառայությունների` արտարժույթով նշված գինը Դուք կարող եք փոխարկել ՀՀ դրամի` օգտվելով Համակարգում տեղադրված արտարժույթի փոխարկիչից: Սակայն, Դուք գիտակցում և ընդունում եք, որ Համակարգում տեղադրված արտարժույթի փոխարկիչը չի կարող դիտարկվել որպես ՀՀ դրամի` արտարժույթի նկատմամբ փոխարժեքը որոշելու պաշտոնական աղբյուր, և այդ նպատակով պետք է հիմք ընդունվի ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված և
Ծառայության դիմաց վճարում կատարելու պահին գործող` արտարժույթի նկատմամբ ՀՀ դրամի պաշտոնական փոխարժեքը:

3.5. Համակարգի միջոցով Ծառայությունների ամրագրման համար անհրաժեշտ վճարումները Դուք կարող եք կատարել Համակարգի համար ընդունելի վճարային քարտերի օգտագործման միջոցով: Ընդունելի վճարային քարտերի տեսակները տեղադրվում են Համակարգում:

3.6. “Ֆան Թրեվլ” ՍՊԸ-ն չի հանդիսանում վճարահաշվարկային կազմակերպություն և չի իրականացնում վճարային քարտերի սպասարկում: Հաշվի առնելով սույն կետում նշված հանգամանքը, Դուք գիտակցում և ընդունում եք, որ`
1) Վճարային քարտին վերաբերող`Համակարգում տեղադրված համապատասխան դաշտ մուտք գործելուն պես, Համակարգը վերահասցեավորման միջոցով ուղեկցում է դեպի տվյալ վճարային քարտը սպասարկելու իրավասություն ունեցող` համապատասխան վճարահաշվարկային համակարգի ինտերնետային էջ.
2) “Ֆան Թրեվլ” ՍՊԸ-ն չունի հասանելիություն Ձեր վճարային քարտի նույնականացման տվյալներին, թե վճարային քարտին վերաբերող`Համակարգում տեղադրված համապատասխան դաշտ մուտք գործելիս, թե` այդ վճարային քարտը սպասարկելու իրավասություն ունեցող` համապատասխան վճարահաշվարկային համակարգի ինտերնետային էջ վերահասցեավորում իրականացնելիս.
3) Վճարային քարտի օգտագործմամբ բոլոր տեսակի վճարումներ կատարելիս, Ձեր վճարային քարտի տվյալները չեն պահպանվում Մեզ մոտ և չեն փոխանցվում Ծառայություններ մատուցող անձանց:
4) Ձեր վճարային քարտի իսկության ստուգումը, վճարային քարտի տվյալների պաշտպանությունը և կոդավորումը կատարվում է այդ տվյալ վճարային քարտը սպասարկելու իրավասություն ունեցող` համապատասխան վճարահաշվարկային համակարգի միջոցով.
5) Վճարային քարտով վճարում կատարելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունների (անձնական տվյալներ, վճարային քարտի նույնականացման տվյալներ, բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն, այլ տվյալներ) հավաքագրումը, մշակումը, փոխանցումը և վճարման համար անհրաժեշտ բոլոր այլ գործողություններն իրականացվում է այդ վճարային քարտը սպասարկելու իրավասություն ունեցող` համապատասխան վճարահաշվարկային համակարգի կողմից:

3.7. Հաշվի առնելով Կանոնների 3.6. կետում նշված հանգամանքները Մենք հայտարարում, իսկ Դուք գիտակցում և ընդունում եք, որ`
1) “Ֆան Թրեվլ” ՍՊԸ-ն չի կարող կրել որևէ պարտավորություն կամ ենթարկվել պատասխանատվության վճարային քարտի օգտագործմամբ վճարման գործընթացը պատշաճ կազմակերպելու, այդ գործընթացում թույլ տված որևէ խախտման արդյունքում Ձեզ պատճառված վնասների հատուցման կամ վճարային քարտով վճարում կատարելուց բխող կամ դրանով պայմանավորված` Ձեզ համար բացասական որևէ այլ հետևանքների համար:
2) Սույն կետում նշված պարտավորությունները և պատասխանատվությունը ամբողջ ծավալով կարող է կրել այդ վճարային քարտը սպասարկելու իրավասություն ունեցող` համապատասխան վճարահաշվարկային համակարգը.

3.8. Վճարային քարտի օգտագործմամբ վճարումը կանոնների 4-րդ բաժնում նշված կարգով կատարվում է երկու փուլով`
1) Համակարգով Ծառայությունների ամրագրման համար անհրաժեշտ գումարը վճարային քարտին սառեցնելով, և
2) Վճարային քարտին սառեցված համապատասխան գումարը վճարային քարտից գանձելու և “Ֆան Թրեվլ” ՍՊԸ-ի բանկային հաշվին փոխանցելով:

3.9. Ձեր կողմից համապատասխան Ծառայության ամրագրման համար վճարումը համարվում է ավարտված այն պահից, երբ դրա համար անհրաժեշտ գումարը մուտք է լինում “Ֆան Թրեվլ” ՍՊԸ-ի բանկային հաշվին:

3.10. Ձեր վճարային քարտին սառեցված և վճարային քարտից գանձված գումարի վերաբերյալ տեղեկությունները Ձեզ են տրամադրվում այդ վճարային քարտը սպասարկելու իրավասություն ունեցող` համապատասխան վճարահաշվարկային համակարգի միջոցով:

3.11. Խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ որոշ վճարահաշվարկային համակարգեր Ծառայությունների ամրագրման համար անհրաժեշտ վճարումներ կատարելը կարող են դիտարկել որպես միջազգային փոխանցում և դրա համար գանձել լրացուցիչ վճարներ: Այդ վճարների չափի մասին Ձեզ պետք է տեղեկացնի Ձեր վճարային քարտը սպասարկող վճարահաշվարկային կազմակերպությունը: Բացի այդ, Ձեր վճարային քարտի արժույթը կարող է տարբերվել համապատասխան Ծառայության ամրագրման համար Համակարգում նշված գնի արժույթից, որի դեպքում, վճարային քարտին գումարներ սառեցնելիս և վճարային քարտից գանձելիս, փոխարկումներն իրականացվում են վճարումներ կատարելիս վճարային քարտը սպասարկող վճարահաշվարկային կազմակերպության կողմից սահմանված սակագները կիրառելով:

 


Բաժին 4. Ծառայությունների ամրագրման և վճարում կատարելու պայմաններն ու գործընթացը


4.1. Դուք կարող եք Համակարգի միջոցով կատարել Ծառայությունների ամրագրում միայն այն դեպքում, եթե համաձայնություն եք տվել Կանոններում նշված պայմաններին: Խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ՝
1) Մենք հանդիսանում ենք միջնորդ Ձեր և Ծառայություն մատուցող անձանց միջև և Համակարգի միջոցով ամրագրում կատարելիս, Ծառայություն մատուցող անձանց հետ պայմանագրային հարաբերությունների մեջ եք մտնում անմիջապես Դուք: Ուստի, Ծառայությունների ամրագրման արդյունքում Ծառայություն մատուցող անձանց կողմից Ձեր առջև ստանձնված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, ամբողջ պատասխանատվությունը կրում է Ծառայություն մատուցող անձը, այլ ոչ թե՝ “Ֆան Թրեվլ” ՍՊԸ-ն.
2) Եթե Դուք կատարել եք Ծառայությունների ամրագրում, որից հետո հրաժարվում եք ամրագրված ծառայություններից, փոփոխում եք ամրագրման ժամկետները կամ այլ կերպ չեք օգտվում ամրագրված Ծառայություններից, ապա Ձեր նկատմամբ կարող են կիրառվել Կանոնների 5-րդ բաժնով (Ամրագրված Ծառայությունների չեղարկման պայմանները և հետևանքները) նախատեսված բացասական հետևանքները.
3) Մենք հյուրանոցում ազատ տեղերի առկայությունը երաշխավորում ենք միայն Հայտի վերջանական հաստատումը Ձեզ ուղարկելու պահի դրությամբ:

4.2. Ծառայությունների ամրագրում իրականացնելու համար Ձեզ անհրաժեշտ է մուտք գործել Համակարգ և Համակարգի միջոցով ներկայացնել Ամրագրման հայտ` լրացնելով Ամրագրման հայտի ձևում նշված բոլոր տվյալները:

4.3. Համակարգի միջոցով Ամրագրման հայտի ներկայացման հետ միաժամանակ, Ձեր վճարային քարտին պետք է սառեցվի Ծառայությունների ամրագրման համար անհրաժեշտ գումար, որի վերաբերյալ Մենք պետք է ստանանք համապատասխան հավաստում.

4.4. Ամրագրման հայտը ներկայացնելու և Ձեր վճարային քարտին Ծառայությունների ամրագրման համար անհրաժեշտ գումարը սառեցնելու վերաբերյալ հավաստում ստանալու պահից առավելագույնը 48 ժամվա ընթացքում «Ֆան Թրեվլ» ՍՊԸ-ի համապատասխան աշխատակիցն ուսումնասիրում է Ամրագրման հայտը և Ձեզ է ուղարկում Հայտի նախնական հաստատման կամ Հայտի մերժման վերաբերյալ տեղեկացում:

4.5. Եթե Ամրագրման հայտը Համակարգ է մուտքագրվել ոչ աշխատանքային կամ տոնական օրերի ընթացքում, ապա կանոնների 4.4. կետում նշված 48 ժամյա ժամկետը սկսում է հաշվարկվել այդ ոչ աշխատանքային կամ տոնական օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից:

4.6. Մեր կողմից Ձեզ ուղարկված Հայտի նախնական հաստատումն ուժի մեջ է 48 ժամվա ընթացքում: Որոշ առանձնահատուկ դեպքերում (բարձր զբաղվածության սեզոն, հյուրանոցի գերծանրաբեռնվածություն և այլն) «Ֆան Թրեվլ» ՍՊԸ-ն իրավունք ունի սույն կետում նշված ժամկետի ընթացքում միակողմանիորեն փոփոխել Հայտի նախնական հաստատումը, մասնավորապես` Հայտի նախնական հաստատման մեջ նշված հյուրանոցը փոխարինել մեկ այլ` նույնատիպ կամ առավել բարձրակարգ հյուրանոցով, պայմանով, որ դրա արդյունքում Ձեզ համար չի առաջանա բնակության ծախսերի փոփոխություն: Այս դեպքում, «Ֆան Թրեվլ» ՍՊԸ-ի համապատասխան աշխատակիցն անհապաղ կտեղեկացնի Ձեզ կատարված փոփոխությունների մասին:

4.7. Կանոնների 4.6. կետում նշված ժամկետում Դուք պետք է Մեր բանկային հաշվին վճարեք ամրագրման ենթակա Ծառայությունների արժեքն ամբողջությամբ: Ծառայությունների արժեքը վճարված է համարվում համապատասխան գումարը Մեր բանկային հաշվին մուտք լինելու պահից:

4.8. Կանոնների 4.7. կետին համապատասխան, ամրագրման ենթակա Ծառայությունների արժեքն ամբողջությամբ վճարելու դեպքում Մենք Ձեզ ենք ուղարկում Հայտի վերջնական հաստատում և Ուղեգիր:

4.9. Հայտի վերջնական հաստատումը և Ուղեգիրը Ձեզ ուղարկելու պահից Ծառայությունների ամրագրումը համարվում է ավարտված, և Դուք կարող եք չեղարկել ամրագրված Ծառայությունը Կանոններով սահմանված կարգով և կրելով Կանոններով նախատեսված հետևանքները:

 


Բաժին 5. Ամրագրված Ծառայությունների չեղարկման պայմանները և հետևանքները


5.1. Ամրագրված Ծառայությունների չեղարկում է համարվում Ձեր կողմից՝
1) Ամրագրված Ծառայություններից հրաժարվելը.
2) Ծառայությունների Ամրագրման ժամկետների փոփոխությունը.
3) Ծառայությունները ստանալու համար համապատասխան վայր (հյուրանոց, կացության այլ օբյեկտ, աշխարհագրական վայր և այլն) չներկայանալը.
4) Ամրագրված Ծառայություններից օգտվելուց այլ կերպ հրաժարվելը կամ խուսափելը:

5.2. Ամրագրված Ծառայությունների չեղարկման դեպքում Ձեր նկատմամբ կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ՝ ամրագրված Ծառայությունների համար Ձեր կողմից վճարված գումարը կամ դրա մի մասը չվերադարձնելու ձևով:

5.3. Եթե Կանոններում կամ առանձին Ծառայությունների ամրագրման կամ չեղարկման պայմաններում չեղարկման այլ հետևանքներ նախատեսված չեն, ապա գործում է հետևյալ պայմանը` եթե Դուք չեղարկում եք ամրագրված Ծառայությունը՝ այդ մասին՝
1) ոչ ուշ, քան ամրագրված Ծառայության մատուցման սկզբից 72 ժամ առաջ Մեզ տեղեկացնելով, ապա Ձեզ կվերադարձվի ամրագրված Ծառայության արժեքն ամբողջությամբ.
2) Ծառայության մատուցման սկզբից 72 ժամվա ընթացքում կամ Ծառայության մատուցումը սկսելուց հետո Մեզ տեղեկացնելով, ապա, Ձեզ`
ա. չի վերադարձվի ամրագրված Ծառայության մեկ օրվա արժեքը, եթե ամրագրված Ծառայության մատուցման ժամկետը մեկ օրից ավելի է.
բ. չի վերադարձվի ամրագրված Ծառայության արժեքն ամբողջությամբ, եթե ամրագրված Ծառայության մատուցման ժամկետը մեկ օր է.

5.4. Ամրագրված Ծառայությունները չեղարկելու համար պատասխանատվության միջոցների կիրառման դեպքերը, պատասխանատվության միջոցների չափը կարող է սահմանված լինել նաև համապատասխան Ծառայություն մատուցող անձանց կողմից սահմանված կանոններով: Դուք անվերապահ ընդունում եք, որ ամրագրված Ծառայությունների չեղարկման կանոններին, որոնք սահմանված են Ծառայություն մատուցող անձանց կողմից, ծանոթանալու պարտականությունը կրում եք Դուք, և Դուք եք պատասխանատվություն կրում այդ կանոններին չծանոթանալու բացասական հետևանքների համար: Ընդ որում, նշված կանոններին չծանոթանալը չի կարող հիմք հանդիսանալ ամրագրված Ծառայությունների չեղարկման դեպքում այդ կանոններով սահմանված հետևանքները Ձեր նկատմամբ չկիրառելու համար:

5.5. Դուք պարտավոր եք էքսկուրսիոն տուրերին մասնակցության Ծառայություն Հայտի նախնական հաստատումը ստանալու պահից 48 ժամվա ընթացքում վճարել այդ Ծառայության համար անհրաժեշտ գումարը, իսկ վճարում չկատարելու դեպքում, Մենք իրավունք ունենք առանց նախազգուշացման չեղյալ համարել Հայտի նախնական հաստատումը:

5.6. Եթե Դուք չեղարկում եք էքսկուրսիոն տուրերին մասնակցության ամրագրված Ծառայությունը՝ այդ մասին՝
1) ոչ ուշ, քան Ծառայության մատուցման սկզբից 48 ժամ առաջ Մեզ տեղեկացնելով, ապա Ձեզ կվերադարձվի էքսկուրսիոն տուրին մասնակցության տոմսի արժեքի 50 տոկոսը.
2) Ծառայության մատուցման սկզբից 48 ժամվա ընթացքում կամ էքսկուրսիոն տուրը սկսվելուց հետո Մեզ տեղեկացնելով, ապա էքսկուրսիոն տուրին մասնակցության տոմսի արժեքը Ձեզ չի վերադարձվում:

5.7. Անկախ չեղարկման ժամկետից և չեղարկման պատճառներից, էքսկուրսիոն տուրին մասնակցության գումարը չի վերադարձվում, եթե այդ մասին նշված է Ուղեգրում:

5.8. Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անկանխատեսելի իրավիճակների դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Մենք իրավունք ունենք փոխել, կրճատել կամ չեղյալ համարել էքսկուրսիոն տուրը:

5.9. Ձեր կողմից Վարձույթով ստացված ավտոմեքենան վարձույթի ժամկետից շուտ վերադարձնելու դեպքում, կատարվում է վերահաշվարկ՝ համաձայն փաստացի վարձակալված օրերի և դրան համապատասխան գնացուցակի, ընդ որում` անկախ հետ վերադարձման ժամից, վերադարձման օրը հաշվարկվում է որպես լիարժեք վարձակալված օրեր: Վերահաշվարկի արդյունքում Ձեզ վերադարձվում չօգտագործված օրերի համար վճարված գումարը, եթե ավտոմեքենան վերադարձվում է ոչ ուշ, քան վարձույթի ժամկետը լրանալուց 48 ժամ առաջ: Սույն կետում նշված ժամկետից հետո ավտոմեքենան վաղաժամկետ վերադարձնելու դեպքում, Ձեզ չի վերադարձվում չօգտագործված օրերի համար վճարված գումարը:

5.10. Ձեր կողմից վարձակալված ավտոմեքենան վարձույթի ժամկետի ավարտից ուշ վերադարձնելու դեպքում, անկախ ուշացման պատճառներից, Դուք պետք է վճարեք հավելավճար՝ հետևյալ չափերով՝
1) մինչև 3 ժամ ուշացնելու դեպքում` վարձակալության 1 օրվա գնի 50%-ի չափով.
2) 3- 6 ժամ ուշացնելու դեպքում` վարձակալության 1 օրվա գնի 100%-ի չափով.
3) 6 ժամից ավելի ուշացնելու դեպքում` վարձակալության 1 օրվա գնի կրկնապատիկի չափով:

5.11. Ամրագրված Ծառայությունների չեղարկման` սույն Կանոններում նախատեսված հետևանքները կիրառվում են անկախ այն հանգամանքից, թե չեղարկման ինչպիսի հետևանքներ են նախատեսված Ծառայություն մատուցող անձանց կանոններում:



Բաժին 6. Ծառայությունների որակը և պատասխանատվությունը


6.1. Դուք պատասխանատվություն եք կրում ցանկացած եղանակով Մեզ հայտնած, այդ թվում՝ Ամրագրման հայտում Ձեր կողմից լրացված տվյալների հավաստիության համար:

6.2. Մենք իրավասու չենք վերահսկել, չենք վերահսկում և պատասխանատվություն չենք կրում այն ինտերնետային կայքերում պարունակվող տեղեկությունների համար, որոնց Դուք այցելում եք Մեր Վեբ կայքում պարունակվող հղումներով:

6.3. Վեբ կայքում նշված՝ Ծառայություններ մատուցող անձանց և իրենց կողմից առաջարկվող ծառայություններին (հյուրանոցների) վերաբերող որակավորման սիմվոլները (գնահատականները) ունեն միայն տեղեկատվական և ուղղորդող բնույթ և որևէ կերպ չեն կարող մեկնաբանվել, որպես Մեր կողմից տրվող որակի երաշխիք։

6.4. Վեբ կայքում տեղադրված՝ Ծառայությունների մասին տեղեկությունները Մենք հավաքագրում կամ ստանում ենք Ծառայություններ մատուցող անձանց կողմից՝ իրենց ինտերնատային կայքերից և այլ աղբյուրներից: Այդ տեղեկությունները Մենք մանրամասն ստուգում և ուսումնասիրում ենք, որից հետո միայն տեղադրում ենք Վեբ կայքում: Այնուամենայնիվ, նշված հանգամանքները չեն կարող մեկնաբանվել, որպես Ծառայությունների որակի՝ Մեր կողմից տրվող երաշխիք, և այդ տեղեկատվության հավաստիության համար պատասխանատվությունը կրում են Ծառայություններ մատուցող անձինք:

6.5. Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, Դուք ընդունում եք, որ Կանոններում ամրագրված Մեր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Մենք պատասխանատվություն ենք կրում միայն մեղքի առկայության դեպքում: Ընդ որում, Մենք համարվում ենք անմեղ, եթե ձեռնարկել ենք մեզանից կախված բոլոր միջոցները`Կանոններում ամրագրված Մեր պարտավորությունները պատշաճ կատարելու համար:

6.6. Դուք գիտակցում և համաձայնվում եք, որ Մենք ազատվում ենք Ձեր առջև պատասխանատվությունից, եթե Համակարգի միջոցով ամրագրված Ծառայությունները չեն մատուցվել կամ ոչ պատշաճ (մասնավորապես` ուշացումով, թերություններով) են մատուցվել Ծառայություններ մատուցող անձանց (մասնավորապես` հյուրանոցային տնտեսության օբյեկտ շահագործողի, ավիաթռիչքներ կամ տրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնողի) պատճառով:

6.7. Միևնույն ժամանակ, Մենք հավաստում ենք, որ Կանոնների 6.6. կետում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում, Մենք, առանց որևէ պատասխանատվություն կրելու, կձեռնարկենք մեզանից կախված բոլոր ողջամիտ գործողություները` ապահովելու համար, որպեսզի վերացվեն Ծառայությունների առաջացած թերությունները:

 


Բաժին 7. Բողոքների քննության և վեճերի լուծման արտադատական կարգը


7.1. Եթե Դուք ունեք Համակարգի միջոցով “Ֆան Թրեվլ” ՍՊԸ-ի կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ բողոքներ, ապա Ձեր բողոքը կարող եք թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնել Մեզ:

7.2. Մենք պարտավորվում ենք ուսումնասիրել ներկայացված բողոքը և ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնել Ձեզ:

7.3. Դուք գիտակցում և ընդունում եք, որ Ձեզ ներկայացված բողոքն ուսումնասիրելու և դրա վերաբերյալ պատասխան ներկայացնելու համար, կարող է անհրաժեշտ լինել բողոքն ուղարկել Ծառայություն մատուցող այն անձին, որի կողմից մատուցվող, մատուցված կամ մատուցման ենթակա Ծառայությունների կապակցությամբ ներկայացվել է բողոքը: Այս դեպքում Ձեր բողոքի քննության արդյունքների վերաբերյալ “Ֆան Թրեվլ” ՍՊԸ-ն Ձեզ կտեղեկացնի Ծառայություն մատուցող համապատասխան անձի կողմից այդ բողոքի վերաբերյալ պատասխանը “Ֆան Թրեվլ” ՍՊԸ-ին տրամադրելուց հետո:

7.4. Բողոքի վերաբերյալ պատասխանի հետ անհամաձայնության դեպքում, Դուք կարող եք համապատասխան անձի (“Ֆան Թրեվլ” ՍՊԸ, Ծառայություն մատուցող անձ կամ այլ անձ) դեմ Ձեր պահանջները ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

 


Բաժին 8. Այլ դրույթներ


8.1. Սույն կանոնները ժամանակ առ ժամանակ կարող են փոփոխվել Մեր կողմից, և Կանոնների գործող՝ բոլոր փոփոխությունները ներառող տարբերակը կհրապարակվի Վեբ կայքում:

8.2. Դուք հավաստում եք, որ մուտք գործելով Վեբ կայք, Համակարգի միջոցով ամրագրում կատարելիս, ընթերցել, հասկացել և անվերապահ ընդունել եք Կանոնների բոլոր պայմանները:

8.3. Վեբ կայքի, ինչպես նաև դրա շահագործման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման նկատմամբ հեղինակային իրավունքները պատկանում են “Ֆան Թրեվլ” ՍՊԸ-ին, եթե այլ նշում չի կատարվում:

8.4. Վեբ կայքից օգտվելու, ամրագրում կատարելու և Կանոններից բխող՝ Մեր և Ձեր միջև ծագող իրավական հարաբերությունների նկատմամբ կիրառելի է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

8.5. Դուք գիտակցում և ընդունում եք, որ Ծառայությունների ամրագրման և ամրագրված Ծառայություններից բխող՝ Ձեր և Ծառայություն մատուցող անձանց միջև ծագող իրավական հարաբերությունների նկատմամբ կարող է կիրառելի լինել օտարերկրյա իրավունքը, որի հետ ծանոթանալը՝ Ձեր պարտականությունն է:

8.6. Սույն Կանոնները հրապարակված են Վեբ կայքում ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն և անգլերեն լեզուներով: Սակայն, առաջնայինն է հանդիսանում Կանոնների՝ հայերեն լեզվով տարբերակը, որը հիմք է ընդունվում վեճերի լուծման, տարընթերցումների կամ հակասությունների վերացման բոլոր դեպքերում: