Բացահայտեք Հայաստանը FunTravel-ի հետ

Հայոց Ցեղասպանություն

armenian genocide

Հայոց Ցեղասպանություն


Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն , Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական:
Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը ու Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին
Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։
Օսմանյան կայսրությունը ցեղասպանության միջոցով նպատակ ուներ մեկընդմիշտ փակել Հայկական հարցը։ Ընդհանուր առմամբ՝ 1895-ից մինչև 1922 թվականը զոհվել է ավելի քան 2 640 000 հայ, որից մեկ ու կես միլիոնը՝ 1915-23 թթ.։
Ստորև՝ 10 փաստ մարդկության դեմ կատարված սարսափելի ոճիրներից մեկի մասին՝
1. Հայերի համակարգված ջարդեր են տեղի ունեցել 1894-1896 թվականներին ու 1915-1923 թվակններին։
2. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին հանցագործությունն է, որի անպատժելիությունն ու ժխտողականությունը հանգեցրին մարդկության դեմ զազրելի այլ ոճիրների։
3. 1915 թ․-ի ապրիլի 24-ին ձերբակալվել են 235 հայ մտավորականներ, ուստի ապրիլի 24-ը խորհրդանշաբար համարվում է Հայոց ցեղասպանության օր
4. Ավելի քան երեք տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Պետականորեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը Ուրուգվայն է (1965)։ Ցեղասպանությունը ճանաչել են նաև հետևյալ միջազգային կազմակերպությունները՝ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողով, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

5. Խորհրդային Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։
6. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հուշահամալիրի հեղինակներն են քանդակագործ Վան Խաչատրյանը և ճարտարապետներ Արթուր Թարխանյանն ու Սաշուր Քալաշյանը։ Ավանդության համաձայն՝ «Ծիծեռնակաբերդ» անունն այս բարձունքը ստացել է այստեղ ապրող ծիծեռնակների անունից, որոնք օգնում էին հեթանոսական աստվածներ Վահագնին ու Աստղիկին միմյանց լուրեր փոխանցելու։
7. Ցեղասպանության մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, որոնցից ամենանշանավորներն են՝ «Հոգիների աճուրդ», «Մայրիկ», «Արարատ», «Արտույտների ագարակը», «Արամ», «Ճչացողներ», «Խոստումը»։
8. Ցեղասպանության ընթացքում, սակայն, որոշ շրջաններում հայերը չեն հրաժարվել պայքարից։ Հիշատակության են արժանի Մուսա լեռան, Վանի, Սասունի, Զեյթունի հերոսամարտերը և ապստամբությունները։
9. ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովում որոշում է ընդունվել իրագործել «Նեմեսիս» գործողությունը, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրք («Միություն և առաջադիմություն» կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին, այդ թվում՝ Ցեղասպանության կազմակերպիչներ Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաներին, դավաճաններ Վահե Իհսանին (1915 թ․-ին Կ․Պոլսի հայ մտավորականների ցուցակագիր) և Հարություն Մկրտչյանին (Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար)։
10. 2015 թ․- ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, զոհերը սրբադասվել են Հայ առաքելական եկեղեցու կողմից՝ այդուհետև համարվելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներ։ 

Comments are closed.
Call Now Button