Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի եզրափակիչ փուլը։
Մրցույթի հաղթող ճանաչվեց Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ երիտասարդ երգիչ Լիսանդրոն։
Հայաստանը ներկայացնող Նարեն զբաղեցրեց երկրորդ տեղը։
Լավագույն եռյակը եզրափակեց Վրաստանը ներկայացնող Մարիամ Բիգվավան։

Դեկտեմբերի 11-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում կայացավ «Մանկական Եվրատեսիլ-2022» քսաներորդ հոբելյանական մրցույթը։
Երաժշտական մրցույթի եզրափակչին մասնակցեցին 16 երիտասարդ կատարողներ Ալբանիայից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իռլանդիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ղազախստանից, Մալթայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Սերբիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից և Հայաստանից։

Մրցույթի հաղթող ճանաչվեց Ֆրանսիան ներկայացնող տասներեքամյա տղան՝ Լիսանդրոն։ Երգիչը հավաքել էր 203 միավոր՝ 127 միավոր պրոֆեսիոնալ ժյուրիից և 71 միավոր առցանց քվեարկություն արդյունքում։ Լիսսանդրոն կատարեց «Oh Maman! » ռոքըն-ռոլ երգը և իր փայլուն կատարմամբ գերեց հանդիսատեսին։ Լիսանդրոն երգում է հինգ լեզվով և կրկնօրինակում է մուլտֆիլմեր։ Նա Էլվիս Փրեսլիի և Բրունո Մարսի երկրպագուն է, իսկ ազատ ժամանակ խնամում է իր ճագարին ու փագ ցեղատեսակի շանը։

Հայաստանը ներկայացնող տասնչորսամյա երգչուհի Նարեն զբաղեցրեց երկրորդ տեղը՝ հաղթողին զիջելով ընդամենը 23 միավորով։ Հանդես գալով «DANCE!» («Պարի՛ր») կոմպոզիցիայով՝ աղջիկը վաստակեց 180 միավոր։ Նարեն լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ գոհ է իր արդյունքից. «Քվեարկության ժամանակ անհանգստանում էի, բայց հիմա շատ ուրախ եմ, եղան երջանկության արցունքներ», – Sputnik Armenia-ի հետ զրույցում ասել է նա։ Աղջիկը նաև կիսվել է, որ վստահ էր՝ լավագույն հնգյակում է լինելու. «Ես իրատես եմ և քաջ գիտակցում եմ, որ եթե զբաղեցրել եմ երկրորդ տեղը, ուրեմն արժանի էի դրան», – ասաց Նարեն։
Երրորդ տեղը զբաղեցրեց Վրաստանը ներկայացնող տասներկուամյա երգչուհի Մարիամ Բիգվավան՝ «I Believe» («Հավատում եմ») երգով։
Չորրորդ տողը զբաղեցրեց իռլանդացի Սոֆի Լենոնն՝ իր «Solar» («Արևային») երգով։
Իսկ մրցույթի ֆավորիտը՝ բրիտանացի Ֆրեյա Սքայը «Lose My Head» («Կորցնում եմ գլուխս») երգով, հավաքեց 146 միավոր և զբաղեցրեց միայն հինգերորդ տեղը։ Մրցույթից մի քանի օր առաջ երիտասարդ երգչուհին հիվանդացել էր և չէր կարողացել երգել վերջնական փորձի ժամանակ։ Նրա կատարման լսումը իրականացավ այլ եղանակով:
