Սուրբ Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության օրն է: Քրիստոնյա աշխարհը մեծ շուքով և ուրախությամբ է նշում այս տոնը: Զատիկ բառն ամենևին կապ չունի միջատի հետ, զատիկ նշանակում է զատվել, բաժանվել: Հիսուս Քրիստոսը զատվել է մահացածներից, այդ պատճառով տոնը կոչվում է Սուրբ Զատիկ: Ըստ եկեղեցական կանոնների այն նշվում է մարտի 21-ից ապրիլի 26ը՝ գարնանային լիալուսնից հետո առաջին կիրակի օրը: Այս տարի Զատիկը նշվում է ապրիլի 12-ին:

Առավել ուշագրավ է այն որ այս հրաշալի տոնի գլխավոր և ամենատարածված խորհրդանիշը ներկված հավկիթն է: Հիմնականում հավկիթը կարմիր են ներկում, որը խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը: Զատկի սեղանի կարևորագույն կերակուրներն են ձուկը, չամչով բրնձով փլավը, կանաչեղենը և գինին:

Չամչով փլավի բրինձը խորհրդանշում է ժողովրդին, իսկ չամիչը՝ հոգևորականներին, ովքեր պետք է տարածեն Քրիստոսի խոսքը: Քրիստոսը ընթրիքի ժամանակ իր աշակերտների հետ կերել է ձուկ և խմել գինի, այդ իսկ պատճառով սրանք Զատկի տոնի սեղանի գլխավոր զարդն են:

Այս ուրախ և գունագեղ տոնին կազմակերպվում են բազմաթիվ հասարակական, ազգային միջոցառումներ, խնջույքներ, տոնակատարություններ և այլն: Այս տոնը նաև նշում են ոչ հավատացյալ մարդիկ, , քանի որ այն խորհրդանշում է գարնան գալուստն ու բնության զարթոնքը: